|
Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան
|
|
|
|

|
Նորություններ
|
28.05.2009թ.
|

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին: Շառլ Ազնավուրի անվան հրապարակը մայիսի 27-ին բազմամարդ էր. ամփոփիչ հանրահավաքով երևանյան ընտրողներին է դիմել Հայ Հեղափոխական Դաշնակցությունը:
Թուրքիայի ֆուտբոլային հաղթանակը, Դաշնակցության համոզմամբ, վերածվել է դիվանագիտականի և ժամանակն է փոխել խաղը: Այս նկատառումով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում հանրապետության նախագահին կոչ է անում վերանայել արտաքին քաղաքականությունը և կասեցնել ընթացող գործընթացը: Նոր քաղաքականության մեկնակետ առաջարկվում է ընդունել Թուրքիայի` ցամաքային շրջափակման վերացումը և միջազգային համընդհանուր նորմերի համաձայն` դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
"Դաշնակցությունը պարտավոր է ստիպել իշխանություններին վերանայումներ կատարել, գալ իշխանության և անձամբ գործել",- համոզված է Արմեն Ռուստամյանը: Զանգվածային հանրահավաքով ամփոփելով քարոզարշավը, քաղաքապետի Դաշնակցական թեկնածու Արծվիկ Մինասյանն ու ավագանու անդամները ի մի են բերել տարբեր համայնքներում հանդիպումների արդյունքները. հասարակության մեջ ձևավորվել է անվստահության մթնոլորտ, մարդիկ չեն կարողանում դիմակայել կամայականություններին ու վաստակել օրվա հացը: Բոլոր այս հարցերը լուծում կստանան Դաշնակցության առաջադրած "ազգային քաղաքապետարանում". նշել է Արծվիկ Մինասյանը:
"Պետք է լինի հպարտություն ներշնչող ազգային քաղաքապետարան",- նշել է Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը:
Մենք սովոր ենք պահանջել բոլորից, բացի մեզանից. սեփական քվեն կարևորելու կոչ է արել ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով, նախագահական ընտրություններից սկսած` ամեն ինչ արվել է ժողովրդին բարիկադի հակառակ կողմում կանգնեցնելու համար, ինչը թույլ չի տա իրականացնել լուրջ նպատակներ: Ընդդիմություն-իշխանություն թշնամական մթնոլորտը կխոչընդոտի սթափ քայլեր կատարել աշխարհի հզորներով շրջապատված տարածաշրջանում:
"Ազգային քաղաքական ուժը հաղթանակ է տանելու և դա լինելու է 21-րդ դարի նոր զարգացումների սկիզբը". իբրև բոլոր հարցերի պատասխան ամրագրել է Արծվիկ Մինասյանը:
Վերադարձ |
|
 |
|