|

|
Նորություններ
|
27.05.2009թ.
|

Մայիսի 26-ին ՀՅԴ նախընտրական քարոզչական խումբը հանդիպեց Երևանի Դավիթաշեն և Նոր-Նորք համայնքների ընտրողներին:
Քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանի խոսքերով, այն, որ երևանցին իր բնակարանից սկսած մինչև աշխատավայր ունի բազում խնդիրներ և չի կարողանում իր իրավունքներն ամբողջությամբ իրացնել, խոսում է այն մասին, որ համայնքային իշխանությունները չեն կարողացել հնարավորն անել բնակչի հոգսերը հոգելու համար: Դաշնակցությունը, նրա խոսքերով, Երևանում կձևավորի կառավարման նոր մշակույթ: "Սա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի, օգտվելով քաղաքապետարանի ծառայություններից, ոչ թե գնդակի նման այս ու այն կողմ պետք է ընկնի, մի դիմումի համար շնորհակալություն հայտնի, կոռուպցիոն հարաբերությունների մեջ մտնի կամ ծանոթ փնտրի, այլ պահանջի և թաղապետարանի կամ քաղաքապետարանի պաշտոնյան պարտավորված լինի կատարել",- նշեց ՀՅԴ թեկնածուն: Վերջինիս խոսքերով, եթե քաղաքային իշխանությունը ժողովուրդը վստահի այսօրվա կառավարությանը, դա նշանակում է արատավոր, անխոհեմ քաղաքականության, հարկային "տեռորի" շարունակում. "Հարկային տեռոր` բառիս բուն իմաստով: Այցելել եմ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին և զարմացել, թե ինչպես մեր կառավարությունը կարող է խոսել փոքր բիզնեսի զարգացման մասին, հակաճգնաժամային ծրագրերի մասին, բայց միաժամանակ դատապարտել այդ մարդկանց կործանման: Խոսքը 50 հազար մարդու մասին է: Օրեցօր աճում է սոցիալական դժգոհությունը, մարդիկ հասնում են անվճարունակության շեմին և ի վերջո գալու է այն պահը, որ եթե իշխանությունը կամավոր չհեռանա, ժողովուրդը կքշի նրանց: Մի՞թե այդպիսի իրականություն ենք մենք ուզում, մի՞թե ուզում ենք, որ մեր երկրում հեղաշրջում տեղի ունենա: Ոչ, մենք ուզում ենք, որ իշխանափոխություն լինի, բայց` բնականոն ճանապարհով, ընտրությունների միջոցով":
Ելույթ ունենալով` ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանը նշեց, որ Դաշնակցությունը ընդդիմություն է դարձել ոչ հարատև, այլ օր առաջ իշխանության գալու նպատակով, որովհետև, ըստ նրա, այլընտրանք չունի ոչ մեր ժողովուրդը, ոչ էլ Դաշնակցությունը: "Եթե ուզում եք ունենալ ձեր հոգսերով ապրող ավագանի, ձեր ձայնը տվեք Դաշնակցությանը: Եթե ուզում եք ունենալ պարզ, շիտակ, անկեղծ, անկաշառ, իր խոսքին տեր քաղաքապետ, ձեր ձայնը տվեք Արծվիկ Մինասյանին",- նշեց Արթուր Աղաբեկյանը և խորհուրդ տվեց չհավատալ սոցիոլոգների տարածած սուտ տոկոսներին, որոնք ընդամենը փորձում են տրամադրել ժողովրդին և նորից սխալ քայլի դրդել:
Հաջորդ ելույթը ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը: "Ցավոք, արդեն մեկ տարուց ավելի, որոշ ուժերի ամենօրյա ջանքերի շնորհիվ, մեր հասարակությունը հակամարտող ճամբարների է բաժանվել և մեկը մյուսի հասցեին ասում է ինչ հնարավոր է` առանց խնայելու իրար: Իսկ երբ քաղաքական ղեկավարները, քաղաքական կուսակցությունները այսպիսի մթնոլորտ են ստեղծում, այն կամաց-կամաց տարածվում է քաղաքացիների մեջ` թույլ չտալով կողք-կողքի վստահությամբ կանգնել, ձեռք մեկնել մեկ-մեկու և լուծել մեր առջև կանգնած խնդիրները",- նշեց նա` հավելելով, որ ամեն ընտրություն պետք է ոչ թե պառակտի ժողովրդին, այլ դարձնի միաձույլ: Աղվան Վարդանյանի խոսքերով, եթե ավագանու 65 հոգու մեջ ունենանք նորից նույն երկբևեռ վիճակը, որոնք ոչնչացնում են իրար, որևէ մեկը չի մտածելու քաղաքի, թաղամասերի, ընտանիքների մասին: Իսկ դա լինելու է, եթե Դաշնակցությունը ծանրակշիռ ներկայություն չունենա քաղաքապետարանում:
Վերադարձ |
|
 |
|