|

|
Նորություններ
|
26.05.2009թ.
|

Գաղտնիք չէ, որ ընտրական հանձնաժողովներում Դաշնակցությունը, փոքրամասնություն լինելով` 1-ը 8-ի դեմ, առավելագույնը` 2-ը 7-ի դեմ, մշտապես պայքարել է ընտրախախտումների դեմ, մայիսի 26-ին "Հայացք" ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով` այս ընտրությունների ընթացքում էլ իրենք վերահսկելու են, որ ընտրախախտումներ չլինեն, որ Ընտրական օրենսգիրքն աշխատի լիարժեք, իսկ ՀՅԴ-ն դա անելու համար բավարար ներուժ ունի։ "Օգտագործելու ենք նաև մեր մարզերի ներուժը և բոլոր 439 տեղամասում ունենալու ենք 2-3 ներկայացուցիչ` տեղամասի անդամ և վստահված անձինք։ Եվ եթե ամեն մեկը առնվազն իր ձայները վերահսկի` հանձնաժողովը կունենա շահերի առողջ բախում, ինչն էլ կհանգեցնի նրան, որ գոնե օբյեկտիվ ընտրական գործընթաց կարող է ծավալվել",- ասաց Ա. Ռուստամյանը։
Յուրաքանչյուր ընտրություն, Ա. Ռուստամյանի խոսքով, մեր երկրում առաջացնում է ավելի շատ հարցեր, քան լուծումներ, դժբախտաբար այս ընտրությունը նույնպես չի տարբերվում նախորդներից։ Թեև ընտրությունը համապետական չէ, կրքերն էլ այն չեն, այլ հարցեր են արծարծվում, բայց, նրա կարծիքով, դա թվացյալ պատկեր է։ Իրականում, Երևանում առաջին անգամ են անցկացվում այսպիսի ընտրություններ, երբ մրցում են կուսակցություններ, իսկ երբ կուսակցություններ են մրցում` պայքարը ստանում է քաղաքական բնույթ և թեժանում է։ Սակայն, ըստ Ա. Ռուստամյանի, առարկայական բանավեճ տեղի չի ունենում: Դա թերևս կարելի է բացատրել այն հանգամանքով, որ այսօր ոչ միայն հասարակությունը, այլև հենց քաղաքական ուժերը ամբողջությամբ չեն ընկալել այս ընտրությունների նշանակությունը։
Իսկ բանավեճի հիմնական թեման, նրա կարծիքով, պետք է լինեն Երևանի կառավարման փոփոխությունները. քաղաքապետը պետք է հաշվետու լինի իր ընտրողների առջև` եթե ոչ անմիջական մեխանիզմներով, ապա գոնե պատվիրակված խորհրդի` ավագանու առջև, որը նույնպես ընտրովի է։ "Առաջին անգամ փորձարկվելու է Երևանի մասին օրենքը, որի մասին շատերը անգամ պատկերացում չունեն",- ասաց Ա. Ռուստամյանը` շեշտելով օրենքը փորձարկողների բանիմաց լինելու անհրաժեշտությունը։
Ըստ նրա` նորմալ ընտրություն անցկացնելու նախադրյալներ են ստեղծվել։ Դրանցից մեկն այն է, որ այս ընտրություններով ամբողջական իշխանություն ունենալու հարց չի լուծվում, այդ պատճառով էլ առանձնապես կրքեր չեն բորբոքվում։
Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ ըստ էության բանավեճ տեղի չունեցավ` չնայած ինքը բազմիցս բոլոր թեկնածուներին հրավիրել է հրապարակային բանավեճի։ Թեև քարոզարշավին մի քանի օր է մնացել, քաղաքապետի դաշնակցական թեկնածուն կրկին բանավեճի հրավեր ուղղեց իր մրցակիցներին։
Նրա խոսքով` ՀՅԴ-ն մտել է ազգային ընդդիմադիր քաղաքական դաշտ, և ընտրություններից հետո էլ իրական հնարավորություն կա այդ դաշտում տեղ գրավելու համար։ "Այստեղ է, որ մենք տարբերվում ենք մնացած ուժերից, և ազգային քաղաքապետարանի ձևավորումն այսօր օրակարգային է։ Երևանը պետք է կարողանա նաև հակակշռել կենտրոնական իշխանության կողմից տարվող քաղաքականությանը։ Մեր հաղթանակի դեպքում քաղաքային բյուջեի ամբողջական վերահսկողությունը վերապահելու ենք մեր քաղաքական ընդդիմախոսին",- ասաց Ա. Մինասյանը։
Հարցին` թե եթե այս անգամ էլ ընտրություններն ազատ ու թափանցիկ չանցնեն, կարո՞ղ ենք կրկին հայտնվել Եվրախորհրդի մոնիտորինգի տակ, Ա. Ռուստամյանը նշեց, որ ընտրությունները դիտարկելու համար Հայաստան են գալու եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ "Այսօր արդեն Հայաստանի պարտավորությունների կատարման հարցը մտել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգ, և այլ հարցերի հետ միասին նաև կարևոր է լինելու այն հանգամանքը, թե ինչպիսի գնահատական կտան եվրոպացի դիտորդները այս ընտրություններին",- ասաց Արմեն Ռուստամյանը:
Վերադարձ |
|
 |
|