|
Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան
|
|
|
|

|
Նորություններ
|
26.05.2009թ.
|

ՀՅԴ գործիչներին մայիսի 25-ին սպասում էին Կենտրոն և Ավան համայնքներում: Այստեղ Երևանի ավագանու ՀՅԴ թեկնածուները բնակիչներին ներկայացրին կուսակցության նախընտրական ծրագիրը: ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքերով, ընտրությանը մասնակից որոշ կուսակցություններ զբաղված են քաղաքական մուրացկանությամբ` փորձելով ժողովրդից ձայն պոկել. "Թեթև ասֆալտապատումը, մայիսի կեսերին իրականացվող ծառատունկը, մի քանի վերելակի նորոգումը և դրանով ձայնի ակնկալումը ընդամենը մուրացկանություն է": Լիլիթ Գալստյանի խոսքերով, ավագանիների ցուցակներում հանդիպում ենք մարդկանց, ովքեր եղանակի փոփոխմանը զուգընթաց` մի կուսակցությունից մյուսն են վազում: Իսկ ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված են Երևանի թաղապետերը, ովքեր ձայն ակնկալելուց առաջ դեռ պետք է պատասխան տան կատարված խեղաթյուրումների համար, այդ թվում և քաղաքի այսօրվա քաղաքապետը, ով նոր է միայն հիշել, որ ինքն ունի պարտականություններ: Պատգամավորը բերեց ապօրինի շինությունների բազմացման մի շարք փաստեր, հատկապես` Կենտրոն համայնքի դպրոցներին կից` նշելով, որ դրանք կառուցվել են քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումով և` քաղաքապետի թույլտվությամբ:
Ավագանու թեկնածու Ալբեր Աջեմյանի խոսքերով, այս օրերին բոլոր թեկնածուները հայտարարում են, որ Երևանը նախորդ 20 տարիներին մեծ վնասներ է կրել: Այդ իրողությունը հաստատում են նաև նրանք, ովքեր հիմնադիրն են անարդարությունների:
Ա. Աջեմյանի խոսքերով, ժողովուրդն ունի ընտրության երեք ճանապարհ` ընտրել իշխանական բլոկին` կազմված երեք տարբեր, սակայն նույն քաղաքական ուղղությամբ կուսակցություններից: Սակայն կոալիցիոն ուժերին ընտրելը, ըստ Ա. Աջեմյանի, նշանակում է համաձայնվել քաղաքում այսօր կատարվող գործողությունների հետ և չիրականացնել ոչ մի փոփոխություն: Եվ բացի այդ` "Եթե նրանք գլուխ են ջարդում քվեի համար, ի՞նչ պետք է անեն ընտրվելուց հետո: Սա նաև քաղաքական վարքագիծ է":
Երկրորդ խումբը արմատական ընդդիմությունն է, որն ուզում է իշխանություն փոխել, բայց նրանք էլ նույնն են իրենց գործելաոճով, գաղափարներով ու ծրագրերով: "ՀԱԿ-ը նույն ՀՀՇ-ն է, որի ժամանակ ծնունդ առան այս անարդարություններն ու օլիգարխները", նշեց Ա. Աջեմյանը: Վերջինիս խոսքերով, երրորդ շարքում կան երեք կուսակցություններ, որոնցից ամենահզորը Դաշնակցությունն է և նրան վստահելը նշանակում է ռեալ փոփոխություններ:
"Մենք չպետք է ընտրենք մարդու, որը գալիս է հերթական մայթը սեփականաշնորհելու, քաղաքի բյուջեն իր խմբի շահերի համար տնօրինելու, գործարաններ սեփականաշնորհելու, դա մենք մերժում ենք և ուզում ենք, որ մերժեն նաև երևանցիները",- ելույթ ունենալով` նշեց Երևանի քաղաքապետի դաշնակցական թեկնածու Արծվիկ Մինասյանը:
Ա. Մինասյանը քննադատելի համարեց որոշ մտավորականների պահվածքը` նշելով, որ նրանք փառաբանում և ազգային գործիչ են համարում մի մարդու, ով այս օրերին քաղաքի բյուջեով մանր-մունր գործեր է անում, գումարի մի մասն էլ մսխում և ներկայանում որպես բարեգործ: "Ես կոչ եմ անում մտավորականությանը` մի իջեք անձնական շահերի մակարդակի: Դուք ձեր կերպարով սերունդ եք դաստիարակում",- նշեց Ա. Մինասյանը:
Վերադարձ |
|
 |
|