|

|
Նորություններ
|
25.05.2009թ.
|

Մայիսի 23-ին ՀՅԴ քարոզչական խմբերը Մալաթիա-Սեբաստիա և Արաբկիր համայնքների բնակիչներին ներկայացրեցին Երևանում առկա խնդիրները, այդ խնդիրները լուծելու Դաշնակցության ծրագրերն ու նախընտրական թիմը, որով էլ պատրաստվում են այդ ծրագրերն ի կատար ածել:
"Ես կուզենայի բոլորիդ տները մեկ առ մեկ այցելել, խոսել մեր ծրագրերից, վստահեցնել, որ այդ ծրագրերը երաշխավորում են լավ ապագա: Որպեսզի փողոցում տեսնելիս անընդհատ չհարցնենք` "մեր վերջն ինչ է լինելու": Այս ամենի վերջը լավ է լինելու, եթե բոլորդ միասին համոզված գնաք ընտրության և ձեր ձայնը տաք Հայ Յեղափոխական Դաշնակցության ցանկին",- ելույթ ունենալով` նշեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանը: Վերջինիս խոսքերով, Դաշնակցությունը ընդդիմություն չի դարձել, որ միշտ մնա ընդդիմությունում, այլ` որպեսզի գա իշխանության, որովհետև, ըստ պատգամավորի, "Դաշնակցությանն է ընձեռված այս իրավիճակից Հայաստանը հանելու դերը: Մի օր մեր ժողովուրդը անպայման երկրի ղեկավարումը վստահելու է մեզ: Բայց չեմ ուզում, որ դա ուշ լինի: Դա պետք է հիմա, պետք է մայիսի 31-ին:
Խոսելով ՀՅԴ ավագանիների ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանի մասին` Արթուր Աղաբեկյանը նշեց. "Արծվիկ Մինասյանն այն պաշտոնյան է, որը չի նայում ղեկավարների աչքերի մեջ` տեսնի շեֆը ինչ է մտածում, որ նույնը կրկնի: Արծվիկ Մինասյանը միշտ բարձրաձայնել է իր տեսակետը, պնդել իր կարծիքը: Ձեզ այդպիսի քաղաքապետ է պետք: Ուզում եք հպարտ քաղաքապետ ունենալ, ձեր ձայնը տվեք Արծվիկ Մինասյանին, ուզում եք անկեղծ, անկաշառ մարդիկ լինեն ձեր ավագանիները, ձայն տվեք ՀՅԴ-ին և դուք կունենաք անկաշառ, ազնիվ քաղաքապետարան":
Ապա ելույթ ունեցավ Երևանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արծվիկ Մինասյանը և կրկին հրապարակային բանավեճի կոչ արեց ընտրությանը մասնակից բոլոր ուժերի առաջին դեմքերին. "Թող գան և բանավիճենք` ում ծրագրերն են ավելի արդյունավետ և ովքեր են այն մարդիկ, ովքեր ի վիճակի կլինեն առաջիկա չորս տարիներին այս քաղաքին ապահովել զարգացում` բոլոր ոլորտներում: Ոչինչ չունեմ թաքցնելու, վախենալու, որովհետև մեր ծրագիրը միտված է բացառապես հայ մարդու, քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, հայոց պետականության ամրապնդմանը և Հայաստանի մայրաքաղաքի բարեկեցությանը",- նշեց Ա. Մինասյանը` հավելելով, որ բանավեճի իր կոչին չի արձագանքել ոչ մի ուժ:
Ա. Մինասյանի խոսքերով, քաղաքացին պետք է աշխատանք ունենա իշխանության կամքով և պատասխանատվությամբ, այլ ոչ թե այս կամ այն գործարարի բարեհաճությամբ: Քաղաքապետի թեկնածուն կոչ արեց ապագան վստահել ազգային ուժի, որպեսզի քաղաքը զարգանա, Հայաստանը լքողների բանակը` չմեծանա:
"Ես հպարտ եմ, որ իմ ընտանիքի 10-րդ զավակն եմ, ես հպարտ եմ, որ մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ արդարամտությունը, ճշմարտախոսությունը եղել են հիմնական արժեքներ, որտեղ հայրենասիրությունն է եղել իմ և իմ եղբայրների ու քույրերի դաստիարակությունը: Չեմ եղել հարուստ նյութապես, եղել եմ հարուստ հայրենասիրությամբ և ուզում եմ այնպիսի քաղաքապետարան ձևավորել, որտեղ հիմնական արժեքը մարդն է, Հայաստանի քաղաքացին, որտեղ առաջնորդվելու ենք պրոֆեսիոնալիզմի, հայրենասիրության, բարոյականության, հայ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներով, այլ ոչ թե սեփական կլանային շահը առաջ տանելով: Պատժելու եմ ցանկացած կոռուպցիոն դրսևորում, պատժելու եմ ցանկացած պաշտոնյայի, ով փորձի քաղաքացուց խլել նրա աշխատելու, զբաղվածություն ունենալու և այլ իրավունքները: Մենք պետք է դաստիարակենք այնպիսի սերունդ, որի համար արժեք է իսկական հայ մարդը, ոչ թե այսօրվա իրականության "կրիմինալը",- նշեց ՀՅԴ թեկնածուն: Վերջինիս խոսքերով, թեև Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից արտաքին հարցերում իշխանության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, բայց դա չի նշանակում, որ ընդդիմություն է միայն արտաքին ճակատում. "Մենք ընդդիմություն ենք բոլոր այն անձանց և նրանց ծրագրերին, որոնցով հայ մարդը նսեմացվում է, փորձում են մուրացկան դարձնել: Մենք իշխանության կգանք ժողովրդով, հանուն ժողովրդի և հանուն Հայաստանի վաղվա օրվա: Ինձ ընդունեք որպես այն անձի, ով պատրաստ է պատասխանատվություն վերցնել, չդրժել խոստումը և ապահովել հայոց մայրաքաղաքի զարգացումը":
Վերադարձ |
|
 |
|