|

|
Նորություններ
|
20.05.2009թ.
|

Մայիսի 19-ին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներն ու Երևանի ավագանու ՀՅԴ թեկնածուները հանդիպեցին կուսակցական, համակիր և հասարակական կազմակերպութ- յունների կին ներկայացուցիչների հետ:
Արծվիկ Մինասյան, Երևանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու, ԱԺ պատգամավոր
Շատ դժվար է այսօր, երբ շրջապատումդ այնքան աղբ կա, գարշահոտություն կա, փորձել գնահատել հայ կնոջ դերակատարությունը: Երևանը ավելին է, քան շինությունների, կառույցների համադրություն և մարդկանց կեցության միջավայր: Այն ավելին է, քան ՀՀ ադմինիստրատիվ կենտրոնը, որտեղ կենտրոնացվել են համազգային և համապետական նշանակության գրեթե բոլոր կառավարման օղակները: Վերջին տարիների Երևանը արտապատկերեց նոր ձևավորվող հարաբերությունների ողբերգությունը, որտեղ իշխում է ուժն ու փողը, որտեղ լռել են բոլոր մուսաները, իսկ քաղաքը դարձել է տնտեսական շահի սպասավոր, որտեղ արհեստականորեն նսեմացվել էին ոչ նյութական շահերը: Արդյունքում ունենք կանաչ տարածքներից զրկված, մթնոլորտային աղետալի աղտոտվածությամբ, ճարտարապետական աղճատված, ոչ միասնական տրամաբանությամբ զարգացող դիմագծով, գիշերային ակումբներով և ունայն զվարճանքի կենտրոններով ողողված, բաց երկնքի տակ թանգարանից` շուկայի վերածված մի քաղաք, որտեղ երեխաները, ծերերը, անապահովներն ու կանայք անելիք չունեն: Իրենք հյուր են սեփական տանն ու ստվերային ներկայությամբ հիշեցնում են իրենց գոյության մասին: Չի կարող համայն հայության մայրաքաղաքի կյանքը տնօրինվել ինչ-որ փոքրամասնության կողմից: Այն պետք է դառնա մեզանից յուրաքանչյուրի տունը:
Կանայք սեփական քաղաքի ճակատագրի կերտմանը մասնակից չեն եղել այն պարզ պատճառով, որ կին են: Կինը լուռ ապրել և աշխատել է, բայց երբեք չի կարողացել սեփական կարծիքն արտահայտել առ այն, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքը և երկրի ապագան: Հասարակությունը իր ապագան վստահել է կնոջը` մայրերին, կրթական հաստատություններում աշխատողներին, որտեղ 80 տոկոսը կանայք են: Մինչ օրս ապագայի խնդիրները պատվով լուծած կանանց ժամանակն է վստահել մեր ներկան և այն պետք է սկսել Երևանից: Դաշնակցությունն իր ցանկում տեղ է հատկացրել կանանց: Մեր հաղթանակը բոլորիս կվերադարձնի Երևանի ճակատագրի կերտմանը մասնակցելու մեր իրավունքը: Դաշնակցությունը դուրս է եկել պայքարի, որպեսզի Երևանում հաղթանակի սահմանադրությամբ հռչակված ժողովրդավարական, սոցիալական, իրավական երկիրը և այն կսկսի Երևանից: Մենք ցույց կտանք` ինչ է նշանակում միասնաբար կառավարել, ինչ է նշանակում թափանցիկ և հաշվետու իշխանությունը: Դա հնարավոր է մի համակարգում, որտեղ հստակ են վերահսկման մեխանիզմները: Դաշնակցության առաջարկած քայլերը Երևանը կդարձնեն բոլորիս քաղաքը: Քաղաք, որտեղ կզգանք մեզ մեր տան տերը: Այդ բոլոր քայլերի իրականացումը առանց կնոջ մասնակցության հնարավոր չէ:
- Մենք խոստացել ենք արդյունավետ կառավարում, որտեղ երաշխավորված կլինի կանանց և երիտասարդների ընդգրկվածությունը: Այն կհումանիզացնի ներկան ու կծրագրավորի ապագան` ժամանակի պահանջներին համընթաց:
- Մենք պնդում ենք, որ կառուցապատումն իրականացվի անվտանգ և բարենպաստ կենսագործունեության ապահովմամբ:
- Մենք կառաջնորդվենք կանխարգելման, այլ ոչ թե հետևանքների վերացման տրամաբանությամբ:
- Մենք պահանջում ենք և վստահեցնում, որ քաղաքի կենսագործունեությունն ապահովող ֆինանսական հոսքերը, որոնք գոյանում են հիմնականում հարկերից, կկառավարվեն համատեղ, իսկ վերահսկումը կտրվի այն ուժին, որը մեր հաղթանակի դեպքում (իսկ մենք հաղթելու ենք), կդառնա ընդդիմություն:
- Մենք գիտենք, որ այս տարիների գերակայված տնտեսական շահը չի կարողացել լուծել քաղաքի տնտեսական պոտենցիալի ամբողջական օգտագործումը, քանի որ նախագործակցական չի եղել և սա այն պատճառով, որ մասնակցային կառավարումը իսպառ բացակայում է: Հետևաբար, եթե կինը չմասնակցի քաղաքի կառավարմանը, մենք տնտեսության զարգացման հեռանկար չենք ունենա, իսկ բարեկեցիկ կյանքը կմնա սոսկ երազ:
- Մենք խոստանում ենք բարելավել բնակարանային պայմաններն ու կոմունալ ծառայությունները: Բնակարանային հարմարավետ պայմաններն ու որակյալ կոմունալ ծառայություններն ով կարող է ճիշտ գնահատել, եթե ոչ կինը:
- Մենք պատկերացնում ենք անվտանգ, մատչելի ու ապահով տրանսպորտային համակարգ:
- Առանց կնոջ մասնակցության, անհնար կլինի ապահովել երիտասարդության տեղն ու դերը մեր համայնքի կյանքում:
- Կնոջ բացակայության արդյունքում է աղճատվել մշակութային կյանքը: Մենք բոլորս միասին կվերականգնենք հին ավանդույթները և մայրաքաղաքի մշակութային դիմագիծը:
Վստահեք մեզ, բայց ձեր առաքելությունը ավարտված մի համարեք, քանզի մենք երաշխավորում ենք մեր կանանց և աղջիկների մասնակցությունը կառավարման և քաղաքական համակարգում: Առանց կնոջ մասնակցության, քաղաքական և կառավարման որևէ որոշում չի կարող լինել հավասարակշռված, չի կարող լինել ներդաշնակ, չի կարող ապահովել սերունդների առողջ առաջընթաց: Մայիսի 31-ը սկիզբն է լինելու մասնակցային կառավարման: Եկեք փոխենք մեր քաղաքի դիմագիծն ու վճռենք ճակատագիրը և ապահովենք գենդերային հավասարություն և այդպես ապահովենք Երևանի և այնուհետև նաև Հայաստանի արդյունավետ կառավարումը: Մենք ապահովելու ենք հաղթական սկիզբ կանանց և տղամարդկանց իրավահավասարության գործում:
Վերադարձ |
|
 |
|