|

|
Նախընտրական ծրագիր
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՍԻՐԵԼԻ' ԵՐԵՎԱՆՑԻ,
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ներկայանում է իր նախընտրական ծրագրով` անդրադառնալով մեր քաղաքի հիմնախնդիրներին և նշելով դրանց լուծման ուղիները: Երևանի զարգացման մեր հայեցակարգը բխում է մայրաքաղաքի հատուկ կարգավիճակից, կառուցված է անվտանգության և սոցիալական արդարության հենքի վրա։
Սիրելի՜ երևանցի,
քո մասնակցության գործնական արդյունքը այն "սոցիալական կապիտալն" է` հավատն ու վստահությունը,
որ ձեռք կբերենք բնակիչ-քաղաքապետարան համագործակցությամբ:
Համատեղ ուժերով բացահայտենք և լուծենք հասարակության տարբեր խավերի`
բոլոր երևանցիների խնդիրներն ու մտահոգությունները։
Մեր ուժի աղբյուրն է` Երևանը՝ երևանցիներով,
Երևանը՝ որպես Հայաստանի ու համայն հայության հավերժական մայրաքաղաք…
Մայրաքաղաքի կառավարման գործում ապահովենք յուրաքանչյուրիս անմիջական մասնակցությունը:
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է, ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ՏԱՆՆ ԵՍ...
ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ
Հայաստանի բնակչության մեկ երրորդն ապրում է Երևանում։ Այստեղ է հայ հասարակական, քաղաքական, ֆինանսատնտեսական, կրթական, գիտական և մշակութային ներուժի զգալի մասը:
Երևանին է վերապահված Հայաստանի տնտեսության կառուցվածքային վերափոխման առաջատարի, երկրի զարգացման հիմնական ուղղություններն ու տեմպերը սահմանողի առաքելությունը:
Ցավոք, Երևանի կառավարումն այսօր ընկալվում է սոսկ քաղաքային հիմնախնդիրների լուծման մակարդակում։ Քաղաքային իշխանությունների համար առաջնային են ճանապարհների կառուցումը կամ նորոգումը, սակայն որդեգրված չէ Երևանի կայուն զարգացման ռազմավարական մոտեցում:
Ինչպիսի՞ն է Երևանի քաղաքաշինական, սոցիալական, տնտեսական, մշակութային, բնապահպանական ներկա վիճակը:
Չհամակարգված կառուցապատման արդյունքում մայրաքաղաքը հայտնվել է բնապահպանական աղետի շեմին, խախտվել են Երեւանի ճարտարապետական դիմագիծն ու ներդաշնակությունը:
Վերջին 18 տարիներին իրականացվող չհամակարգված քաղաքաշինության, անկանոն և անվերահսկելի կառուցապատման արդյունքում Երևանը կորցրել է ընդհանուր նշանակության (928 հեկտար) ծառածածկի 40%-ը։ Զբոսայգիների, կանաչապատ տարածքների ծառահատման արդյունքում 7,5 քառ.մ/մարդ ցուցանիշից հասել ենք 4,5 քառ.մ/մարդ ցուցանիշին, մինչդեռ, ըստ քաղաքաշինական նորմերի, այն պետք է լիներ 2600 հեկտար (21 քառ.մ/մարդ):
Տեղի է ունեցել հողաշերտի խախտում և աղտոտում, կառուցապատման անվան տակ անձեռնմխելի կանաչ տարածքներում կատարվել են անօրինական հողահատկացումներ, նվազագույնի են հասցվել մայրաքաղաքի ջրային տարածքները, չեն օգտագործվում զբոսայգիների լճերը, լողավազանները, շատրվանները և այլն:
Արտանետումների, փողոցների, մայթերի, բակերի, շենքերի մուտքերի, ստորգետնյա անցումների խիստ անբավարար մաքրման, անվերահսկելի շինարարության արդյունքում կտրուկ բարձրացել է օդի աղտոտվածության ցուցանիշը:
Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգն այսօր պատրաստ չէ դիմագրավելու ժամանակակից մարտահրավերներին:
ԲՇՏ-ների կազմալուծման, համատիրությունների անկատարության պատճառով չեն լուծվում բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների, շքամուտքերի, ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի հիմնանորոգման և բնակարանների լոկալ ջեռուցման համակարգի ներդրման խնդիրները:
Կոյուղաջրերի անվերահսկելիության, գետերի և ջրամբարների աղտոտման, Աերացիայի կայանի անգործության, ոռոգման ցանցի քայքայված վիճակի, ոռոգման և խմելու ջրերի անհամաչափ բաշխման, խմելու ջրի վատնման և որակի կտրուկ վատացման պատճառով քաղաքում առաջացել են ջրամատակարարման և ջրահեռացման լուրջ խնդիրներ:
Չոր ցամաքային կլիմայական պայմանները, ճառագայթման բարձր բնական ֆոնը, առևտրի և սպասարկման կետերից հնչող բարձր երաժշտությունը, տրանսպորտային միջոցների, շինարարական աշխատանքների աղմուկը և փոշին բացասաբար են անդրադառնում երևանցիների առողջության ու հոգեկան վիճակի վրա:
Ծառերի տեղական տեսակների, քաղաքային միջավայրին օգտակար թռչունների տեսակների նվազման, վնասակար և ագրեսիվ թռչունների ու կենդանիների, թափառող ընտանի կենդանիների բազմացման հետևանքով տեղի է ունեցել կենսաբազմազանության զգալի կորուստ և սանիտարահիգիենիկ իրավիճակի վատթարացում:
Օրեցօր փոխվում են քաղաքի միկրոկլիման, ֆաունան, ֆլորան, ուժգնանում են քամիներն ու փոշին, հողերը ենթարկվում են էրոզիայի, և քաղաքում ձևավորվում է բնակչության վրա բացասաբար ազդող ագրեսիվ միջավայր:
Այս ամենի արդյունքում լրջորեն խաթարվել է երևանցու վերաբերմունքը, սերը և հոգատարությունը քաղաքի ու շրջապատի նկատմամբ: Կտրուկ նահանջ է նկատվում նրա կենցաղային մշակույթի ոլորտում:
Թեև Երևանն ապահովում է Հայաստանի տնտեսական արդյունքի շուրջ կեսը (ՀՆԱ 48 տոկոսը), սակայն մայրաքաղաքի թաղային համայնքներին վերապահված տնտեսական պասիվ դերակատարությունը և սեփական եկամուտների հավաքագրման ակնհայտ անբավարար մեծությունը ձևավորել են բյուջետային միջոցների սղություն, տնտեսության ստվերայնության, կոռուպցիոն ռիսկերի, գործազրկության և սոցիալական անապահովության բարձր մակարդակ: Այս իրավիճակը սահմանափակում է տնտեսական պոտենցիալի արդյունավետ օգտագործման ու սոցիալական արդարության հաստատման հնարավորությունները:
Միայն կուտակված խնդիրների փոխկապակցված լուծումը կնպաստի կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը:
ԵՐԵՎԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, համայն հայության սիրտը:
Մեր հավաքական կամքն ու ջանքը պետք է գործադրենք, որպեսզի Երևանը դառնա ազգային և միջազգային հաղորդակցության ու հարաբերությունների կենտրոն: Պետք է ձգտենք մեր քաղաքը դարձնել բարձրակարգ մասնագիտական, տնտեսական գործունեության, գիտության, մշակույթի, տրանսպորտի, զբոսաշրջության, ծառայությունների և տեխնոլոգիական կենտրոն:
Այս նպատակը պահանջում է մշակել և գործադրել մայրաքաղաքի կայուն ու վարչական շրջանների համաչափ զարգացման ռազմավարական ծրագրեր:
|
|