|
Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան
|
|
|
|

|
Մայիսի 9
Սիրելի հայրենակիցներ,
Սրանից ուղիղ 64 տարի առաջ մեր պապերը սովետական բազմազգ բանակի կազմում մտան Բեռլին և ծնկի բերեցին ֆաշիզմը: Նույն սխրանքը կրկնեցին նրանց զավակներն ու թոռները 17 տարի առաջ, այս անգամ Արցախի կռվում` ազատագրելով հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին:
Ազատագրված Շուշին մի մեծ բեկում էր արցախյան կռվում, Շուշիի ազատագրումը մեր ժողովրդի մեջ դարձավ իր ուժեղ, արդար և անպարտելի լինելու պատմական վավերագիրը, հայոց ազատատենչ ոգու նորօրյա հաստատումը: Այս փառահեղ հաղթանակները կրկին ու կրկին հաստատում են, որ մեր հաղթելու գաղտնիքը չպետք է ուրիշ տեղ փնտրել, այն մեր մեջ է, մեր կամքի, համառության և կենտրոնանալու կարողության մեջ:
Մոլորություն է կարծել, թե Թուրքիան ու թուրքը, իր ազերի տարբերաձևերով փոխվել է, կամ` կփոխվի: Վերջերս թուրքական ակտիվացած դիվանագիտությունը մեզ հուշում է, որ նոր, այս անգամ` դիվանագիտական թակարդներ են լարվում մեր դեմ և փայփայել սին հույսեր, թե աշխարհում բան է փոխվել, կնշանակի թույլ տալ այն նույն սխալները, որոնց դիմաց այդքան թանկ ենք վճարել: Վկան 1909թ. Կիլիկիայի և 1915թ. ցեղասպանությունը:
Եռաբլուրում և ամենուրեք սփռված հայորդիների գերեզմանները լուռ պատմում են հաղթանակի պատմությունը: Պատմում են և հորդորում. չվախենալ ոչնչից և միշտ հավատալ սեփական ուժերին: Հավատալ նաև, որ ազգովին կարող ենք մեր միջից, մեր էությունից արտաքսել օտարին, հավատալ, որ կարող ենք ունենալ նաև հաղթանակած դիվանագիտություն, հաղթանակած տնտեսություն, օրենքներով առաջնորդվող իշխանություն և հասարակություն, հաղթանակների պատրաստ սերունդներ:
Ամեն ինչ պարզ է, երբ թշնամին հայտնի է և կանգնած է դիմացդ: Առավել բարդ է, երբ քեզ խանգարում է, քեզ շեղում է քո աշխարհընկալման մեջ ապրող վախն ու անվստահությունը: Ազգովին պիտի հավատանք, որ ունակ ենք հաղթող դառնալ մեր ներքին ճակատում: Որ` կարող ենք լրջորեն կատարելագործել մեր քաղաքական և պետաիրավական համակարգը, առողջացնել և մրցունակ դարձնել տնտեսությունը, կրթությունը և մշակույթը դարձնել որակյալ և մինչև վերջ հայեցի, կարող ենք ունենալ նաև այս օրերի համար հրատապ` մայրաքաղաքի արդյունավետ կառավարման նոր համակարգ, մի խոսքով` լավ երկիր, ուժեղ պետություն, ներդաշնակ հասարակություն: Արմատավորենք մեր մեջ ուժեղի և հաղթողի գիտակցություն, միշտ հիշենք, որ արյունոտ կռվում հաղթողը, պարտավո՛ր է տեր լինել իր տանը, իր հայրենիքին ու պետությանը:
Շնորհավորում եմ մեծ հայրենականում հաղթանակած մեր հայրերին և մայրերին, բոլոր վետերաններին՝ հաղթանակի փառապանծ տոնի առթիվ:
Շնորհավորում եմ մեր ժողովրդին Շուշիի ազատագրման հերոսական տոնի առթիվ, մաղթում եմ բոլորին անսպառ եռանդ, հավատ և կամք հանուն հայրենիքի մղվող պայքարում:
Թող Աստված լինի ապավեն և օգնական՝ մեր ազգային իղձերի իրականացման ճանապարհին:
|
 |
|