|
Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան
|
|
|
|

|
Մայիսի 28
Սիրել′ի հայրենակիցներ, հարգարժան երևանցիներ
Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում ենք Ձեզ Հանրապետության անկախության տոնի առթիվ:
Շուրջ վեց դարյա ընդմիջումից հետո 1918թ. մայիսի 28-ին հայ ժողովուրդը, դեռևս ամբողջությամբ չթոթափած ցեղասպանության դաժան ապրումներն ու տառապանքի հետևանքները, գերագույն լարումով կարողացավ համախմբել իր ջլատված ուժերը և հաղթել Սարդարապատի Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի գոյամարտերում` շնորհիվ իր ազատատենչ ոգու և պետականության վերականգնման անկոտրում կամքի: Իրականություն դարձավ մեր ժողովրդի ազատ ապրելու, անկախ պետություն ունենալու դարավոր երազանքը:
Այն հեշտ չտրվեց մեր ժողովրդին որպես երկնային պարգև, այլ ձեռք բերվեց մեծ զոհողությունների գնով, կենաց ու մահվան պայքարում: Սակայն այդ անկախությունը շատ կարճ տևեց: Նրա գոյության երկուս ու կես տարիները առաջացրին թե′ ոգևորություն, թե′ վիշտ, ցավալի կորուստներ, նաև զգալի ձեռքբերումներ: Առաջին Հանրապետությունը մեր ժողովրդին տվեց այն հզոր հոգևոր լիցքը, որի շնորհիվ 20-րդ դարավերջին ոչ միայն հնարավոր եղավ վերականգնել մեր պետականությունը, այլև ազատագրել Արցախը: Այն ունեցավ իր պատմական դասերը, որոնք կարևորվում են նաև մեր օրերում: Առաջին դասը, որ ապացուցեց ազգային միասնության հաղթանակը: Ուստի այսօր անհրաժեշտ է պահպանել ու զարգացնել 1918-ի միասնական ոգին: Երկրորդը` պետականության անփոխարինելիության գիտակցումն էր: Չկա պետությանը փոխարինող ուրիշ որևէ կառույց: Երրորդը` սեփական ուժերով մարտահրավերներին դիմակայելու վստահությունն է: Ոչ ոք մեր փոխարեն չի կարող լուծել մեր մայրաքաղաքի առջև դրված հիմնախնդիրները, պահպանել ու զարգացնել մեր տնտեսությունը, ամրապնդել ժողովրդավարությունը և Երևանը դարձնել համայն հայության օրինակելի մայրաքաղաք: 1991թ. սեպտեմբերին հայ ժողովուրդը երկրորդ անգամ վերականգնեց իր անկախությունը և արդեն մեկ ու կես տասնամյակից ավելի ընթանում է անկախության ճանապարհով: Անշուշտ, իրավահաջորդության և ժառանգության անմիջական կապ կա առաջին և երրորդ հանրապետության միջև: Հայաստանի երրորդ հանրապետությունը բարձրացել է առաջինի հիմքի վրա: Այսինքն, ժառանգության և անկախ պետականության գաղափարի տեսակետից անմիջական սերտ կապ կա առաջին և երրորդ հանրապետությունների միջև: Կարելի է վստահորեն ասել, որ ներկայիս հանրապետությունը առաջին հանրապետության գործի շարունակողն է միանգամայն նոր պայմաններում:
Այսօր քաղաքը գտնվում է նոր ընտրությունների շեմին, որը նոր փուլ է նշանավորում քաղաքային կյանքում, նրա կառավարման ոլորտում: Մեզ վիճակված է բարենորոգել քաղաքային կյանքը մեր ընտրվելու դեպքում, ունենալ քաղաքային սոցիալ-տնտեսական ոլորտի շարունակական զարգացում, որը կնպաստի հասարակական, քաղաքային կյանքի բարելվամանն ու աշխուժացմանը: Համոզված ենք, որ արդյունքները սպասել չեն տալու, դրանք բոլորի համար շոշափելի կլինեն նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում, եթե ձայն տաք ՀՅԴ-ի թեկնածուների ցուցակին: Այդ դեպքում քաղաքը կունենա առաջընթաց ապագա, իսկ ամեն մի քաղաքացի աչքի կընկնի քաղաքին ծառայելու սեփական առաքելությամբ:
Շնորհավորելով Հանրապետության անկախության տոնի առթիվ` կարող եմ Ձեզ վստահեցնել, որ արցախյան ռազմի դաշտում տարած հաղթանակները, զարգացնելով մեր հավատքը սեփական ուժերի նկատմամբ, կամք և վճռականություն են հաղորդում մեզ պահպանելու և զարգացնելու մեր անկախ պետականությունը և դիմագրավելու մեր ժողովրդի առջև կանգնած մարտահրավերներին` նպաստելով մեր ժողովրդի վաղվա բարեկեցիկ օրվան: Կրկին շնորհավորում ենք Հանրապետության տոնի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, ամուր հավատ մեր ժողովրդին և հայոց անկախ պետականության ազգային նկարագրին և անսահման երջանկություն:
|
 |
|