|
Երևանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյան
|
|
|
|

|
Կենսագրություն
ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
Ծնվել է 1972թ. հունվարի 1-ին Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում` Գարեգին Մինասյանի բազմանդամ ընտանիքում. ընտանիքի 10-րդ զավակն է:
1977թ. Մինասյանների ընտանիքը հաստատվել է Բաղրամյանի շրջանի Շենիկ գյուղում:
1995թ. Ա.Մինասյանը գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը:
1998թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան:
2001թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1997-1998թթ. կարճաժամկետ ծրագրերով ուսումնառությունը շարունակել է Մոսկվայում, Վաշինգտոնում և Նյու Յորքում` մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին:
2000թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 11-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
Եվրախորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի շրջանավարտ է (2006թ.):
1998 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:
1996թ. աշխատել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` նախ որպես մասնագետ, ապա` բաժնի պետ: 1997-1998 թթ. գլխավորել է արժեթղթերի շուկայի մեթոդաբանության վարչությունը:
ՀՀ վարչապետի որոշմամբ 1999-2000 թթ. նշանակվել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ` համակարգելով իրավաբանական վարչությունը:
2000-2005թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով զբաղեցրել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամի պաշտոնը` իրականացնելով իրավաբանական և կորպորատիվ ֆինանսների վարչությունների համակարգումը: Պարգևատրվել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի շնորհակալագրով:
2005թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Համակարգել է սոցիալական աջակցության, իրավաբանական և միջազգային կապերի ստորաբաժանումները, եղել է ազգային անվտանգության հայեցակարգի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի և միջին ժամկետի ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքային խմբերի փոխնախագահ, գենդերային իրավահավասարության ապահովման ազգային մեխանիզմի պատասխանատու, վերապատրաստումների եվրոպական ծրագրերի կազմակերպության հայաստանյան պատասխանատու, Եվրոպայի խորհրդի սոցիալական համերաշխության եվրոպական կոմիտեում Հայաստանի ներկայացուցիչ, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում (ILO) Հայաստանի Հանրապետության եռակողմ պատվիրակությունների ղեկավար, Եվրոպական նոր հարևանության ծրագրի հայաստանյան հանձնաժողովի անդամ:
Ա. Մինասյանի ղեկավարությամբ մշակվել են Հայաստանի ժողովրդագրական զարգացման 2008-2035թթ. ռազմավարության և Հայաստանում աշխատավարձի միասնական քաղաքականության հայեցակարգի նախագծերը, կնքվել է ԱՄԿ-ի "Արժանապատիվ աշխատանք" համաձայնագիրը: Փոխնախարարի պաշտոնում Ա. Մինասյանը ղեկավարել է սոցիալական աջակցության ոլորտի օրենսդրական փոփոխությունների գործընթացը: Պարգևատրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հուշամեդալով:
2007թ. մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ընտրացուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:
Ա. Մինասյանի խորհրդարանական գործունեության մեջ հատկապես առանձնանում են սոցիալական, տնտեսական, քաղաքական, հասարակության և պետության անվտանգության, միջազգային, ազգային և մշակութային ոլորտները:
Խորհրդարանական գործունեության 2 տարիների ընթացքում նա հանդես է եկել 20-ից ավել օրինագծերի նախաձեռնություններով, շուրջ 1000 օրենսդրական առաջարկություններով և տասնյակ հայտարարություններով: ՀՀ կառավարությանն ուղղված շուրջ 80 հարցի տրվել են համապատասխան ընթացք և լուծումներ:
18.06.2008 թվականից ՀՀ ԱԺ "2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության" ժամանակավոր հանձնաժողովի անդամ է:
ՀՅԴ անդամ է: Ամուսնացած է, ունի մեկ դուստր` Աիդան, և երկու որդի` Սեյրանը և Գարիկը: Կինը` Աստղիկ Օհանյանը, աշխատում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում:
|
 |
|